Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ադրբեջանում կառավարող ընտանիքի առաջնահերթությունների մասին

Ադրբեջանում կառավարող ընտանիքի առաջնահերթությունների մասին
09.06.2009 | 00:00

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հանգուցյալ Հեյդար Ալիևի ընտանիքը «դինաստիական» իշխանության օրինակ է և, չնայած արևմտյան հանրության մշտական քննադատությանը, չի պատրաստվում սահմանափակել իր իշխանությունը, առավել ևս` Ադրբեջանում ստեղծել նվազ ավտորիտար ռեժիմ։ Ինչպես և խորհրդային ժամանակներում, Հեյդար Ալիևի դերը` իբրև քաղաքական գործչի և վարչարարի, չափազանցված է ներկայացվում։ Հեյդար Ալիևին միշտ հետաքրքրել է անձնական իշխանության հարցը և հետո միայն երկրի բարեկեցությունը։ 1970-80-ականներին նա Խորհրդային Ադրբեջանում ստեղծեց ոչ կենսունակ, անհամաչափ տնտեսություն, որը փլուզվեց ԽՍՀՄ-ի հետ։ Դեռևս 1980-ականների կեսերին Ադրբեջանի գյուղատնտեսությունը լիովին քայքայված էր` խաղողագործության և բամբակագործության ոլորտը գերզարգացնելու քաղաքականության հետևանքով, իսկ խոշոր արդյունաբերությունն աստիճանաբար հայտնվեց նույն վիճակում` տեղական կադրերի զգալի պակասի պատճառով։
1990-2000-ական թվականներին ձևավորված տնտեսական մոդելն Ադրբեջանում կողմնորոշված է դեպի իշխող ընտանիքի և կառավարող նախիջևանյան կլանի մի քանի տասնյակ ընտանիքների շարունակական հարստացումը, ինչը հանգեցրել է երկրից 3,5 միլիոն բնակիչների արտագաղթին, տնտեսական և սոցիալական անկման, երկրի նահանգներում բնակեցման համակարգի բացարձակ ապակազմակերպման, քանի որ երկրի տնտեսությունը կողմնորոշված է բացառապես դեպի նավթային ոլորտը։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամը վեր հանեց բոլոր բացասական հանգամանքները` արտասահմանյան նավթային ընկերություններից Ադրբեջանի կախվածության առումով։ Նավթի արտահանման ծավալներն ու տեմպերը շատ նշանակալի էին, բայց ոչ մի կերպ չէին համադրվում երկրի կայուն զարգացման հետ, ինչը ենթադրում է, որ 7-10 տարի հետո Ադրբեջանը կկանգնի արտահանվող ռեսուրսների սպառման փաստի առջև։ Տնտեսական և սոցիալական զարգացման այս չափորոշիչները ծառայեցվում են բացարձակապես իշխանության ամրապնդմանը և իշխող ընտանիքի հարստացմանը։ Նավթի արտահանումից ստացված ահռելի եկամուտները, որ առկա էին վերջին 3-4 տարիներին, որոշ հույսեր արթնացրին հասարակության մեջ բոլոր պրոբլեմների լուծումները գտնելու առումով, ինչն իր հերթին հանգեցրեց որոշակի կայունության և իշխող ռեժիմի դիրքերի ամրապնդման։ Սակայն սոցիալական հիմնախնդիրների արագ լուծումներ սպասող հասարակությունը բացարձակապես մտադիր չէ պատերազմելու, առավել ևս, անհասկանալի ազգային շահերի համար։ Ծայրահեղ դեպքում հասարակությունը հնարավոր է համարում ղարաբաղյան հիմնա-խնդրի ռազմական լուծումը վարձկանների ներգրավման միջոցով։ Միաժամանակ, իշխող ընտանիքը երբեք էլ լիովին չի վստահել, այսպես կոչված, նախիջևանյան կլանին և նպատակ չի ունեցել ընդդիմության գործունեությունն ընդհանրապես ճնշելու, որովհետև այն անհրաժեշտ է իբրև հակակշիռ։ Եվ, այնուհանդերձ, ադրբեջանական ընդդիմությունը մեծ մասամբ կորցրել է նախկին ազդեցությունը, դադարել հասարակական պահանջներին համապատասխանելուց, ինչի արդյունքում էլ նրա գործունեությունը սահմանափակվում է Բաքվի կենտրոնական փողոցներով։
Սակայն, չնայած մեծ եկամուտներին, Իլհամ Ալիևը հայտնվել է բավական բարդ իրավիճակում, քանզի ադրբեջանական հասարակությունը, այնուամենայնիվ, հասկացավ, որ կառավարող ռեժիմը և, առհասարակ, ասպարեզի վրա եղած այլընտրանքներից ոչ մեկն ընդունակ չէ լուծելու ղարաբաղյան հարցը։ Եթե նավթի եկամուտներն այդքան նշանակալի չլինեին, ապա ռեժիմի արտաքին քաղաքականությունից հասարակական հիասթափությունը շատ ավելի մեծ կլիներ, և Իլհամ Ալիևը հարկադրված կփորձեր գտնել էական, քաղաքական ու քարոզչական ռեսուրսներ` դժգոհությունը մարելու համար։ Սակայն անգամ բարձր նավթային եկամուտները չեն փրկում Ադրբեջանի նախագահին հասարակական հիասթափությունից։ Այլ հարց է, որ կառավարող ռեժիմի համար բարդ և խոցելի իրավիճակում ընդդիմությունը ցուցաբերեց անվճռականություն, չկարողացավ ապահովել զանգվածային ելույթներով ուժեղ ճնշում, անընդունակ գտնվեց նույնիսկ միավորելու ջանքերը։ Ադրբեջանական ընդդիմության ցուցադրական հայտարարությունները, առաջնորդների հավաքներն ընդհանուր ընդդիմադիր շարժման պատրանք են ստեղծում միայն։ Քաղաքական ակտիվ դաշտում ընդգրկված են լոկ քաղաքային բնակչության շերտերը և առանձին խմբեր։
Այսպիսով, ընդդիմությունը լուրջ պրոբլեմ չէ Ալիևների ընտանիքի և նրանց թիմի համար։ Ներկայումս Ադրբեջանում կառավարող ռեժիմի դեմ ուղղված, բոլորովին այլ վտանգներ կան, քանի որ երկրում նկատելի է վարչաքաղաքական քայքայում, իշխանության փլուզում` համակարգային մակարդակով։ Այդ գործընթացներն առնչվում են ոչ միայն քաղաքացիական համակարգին, այլև ուժային կառույցներին։ Կա տեղեկատվություն զինված ուժերում, հատկապես գավառներում տեղակայված զորամասերում դժգոհության հաճախակի դրսևորումների մասին։ Ընդ որում, դա վերաբերում է ոչ այնքան ղարաբաղյան խնդրին, որքան բանակում տիրող ներքին իրավիճակին։ Մերձճակատային գծում ադրբեջանական հրամանատարությունը չի կարողանում վերահսկել իրավիճակը, և ցանկացած պահի կարող է զինված հակադրություն առաջանալ։ Դա պայմանավորված է զինված ուժերի անբավարար վիճակով, կոռուպցիայի բարձր մակարդակով, պաշտպանության նախարարության և սպայական տարբեր խմբավորումների, ինչպես նաև ազգային անվտանգության նախարարության միջև առկա հակադրությամբ։ Այդ երկու ուժային կառույցների ղեկավարները նախագահական հավակնություններ ունեն և բազմաբնույթ շփումներ են հաստատել կառավարող «Նոր Ադրբեջան» կուսակցության մեջ գոյություն ունեցող իշխանական և ֆինանսական տարբեր կենտրոնների հետ, ամերիկյան ու թուրքական դեսպանատների, Թուրքիայում գործող տարբեր քաղաքական կազմակերպությունների ու ֆոնդերի հետ, որոնք ինտեգրացված են պետական կառույցներում։
Առայժմ ուժային կառույցները, ընդհանուր առմամբ, լոյալ են Ալիևների ընտանիքի նկատմամբ, քանի որ դրանց ղեկավարները քաղաքական ու ծառայողական որևէ հեռանկար չեն ունենա, եթե իշխանության գան ներկա ռեժիմի հակառակորդ ուժերը։ Վստահությամբ կարելի է պնդել, որ Ալիևների կլանն առանց մեծ դժվարության վերահսկում է իրավիճակը։ Վերջին տարիներին այդ կլանի մեջ ընդգրկվել են քաղաքական ու գործարար դասակարգերի շատ ներկայացուցիչներ, կլանի շուրջ ձևավորվել է նոր բյուրոկրատիան, որն աչքի է ընկնում պրագմատիզմով և իռացիոնալ մտածողության բացակայությամբ։ Նոր ադրբեջանական բյուրոկրատիայի համար ազգային գաղափարը գործնականում դարձել է նավթը, նավթային ծրագրերը, ինչը համախմբող նշանակություն ունի։ Կառավարող կլանը տիրապետում է ընդդիմադիր ուժերի գործունեության սահմանափակման և վերահսկման բազմաթիվ հնարավորությունների։ Բնակչությունը, ընդհանուր առմամբ, զգուշանում է քաոսից ու անկարգություններից և կայունության պահպանումը կապում կառավարող ռեժիմի հետ։ Ադրբեջանում իշխանության փոփոխություն կարող է տեղի ունենալ միայն պետական, ռազմական հեղաշրջման ճանապարհով կամ կառավարող «Նոր Ադրբեջան» կուսակցության ներսում դավադրության կազմակերպման միջոցով։
Դեռևս Հեյդար Ալիևի ջանքերով այդ կուսակցությունն անգործունակ նախագահամետ կորպորացիայից վերածվեց իրական քաղաքական խմբավորման։ «Նոր Ադրբեջան» կուսակցության մեջ ձևավորվել են իշխանության հարաբերականորեն ինքնաբավ «կենտրոններ», որոնք ստեղծվել են նախիջևանյան և այլ կլանների ներկայացուցիչների գործընկերային հարաբերությունների հետևանքով։ Դրանք մարդիկ են, որ ունեն խոշոր կարողություններ և հավակնում են ավելի կարևոր դիրքերի ինչպես քաղաքականության, այնպես էլ նավթային եկամուտների բաշխման մեջ։ Իշխանության այդ «կենտրոնների» շատ առաջնորդներ հանդես են եկել Իլհամ Ալիևի նախագահ դառնալու մտադրությունների դեմ և առաջարկել լրջորեն քննարկել Ալիևների ընտանիքի երդվյալ թշնամի, խորհրդարանի նախկին խոսնակ և մուլտիմիլիոնատեր, ԱՄՆ-ում բնակվող Ռասուլ Գուլիևին իշխանության բերելու հարցը, որը ծագումով նույնպես նախիջևանցի է։ Նույնիսկ Իլհամ Ալիևին միանգամայն լոյալ գործիչները կառավարող կուսակցության ներսում փորձում են իրականացնել «այլընտրանքային» քաղաքականություն և կապեր են հաստատում ընդդիմության, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի դիվանագետների հետ։ 2000-ին Վաշիգտոնում պետք է տեղի ունենար Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հանդիպումը ԱՄՆ-ի գործարար շրջանակների հետ, որը կազմակերպվել էր ադրբեջանա-ամերիկյան առևտրական պալատի կողմից։ Ինքնին բանակցություններն ամերիկյան առաջատար գործարարների հետ հատուկ հետաքրքրություն չառաջացրին։ Այդպիսի հանդիպումներ բազմիցս անցկացվել էին ինչպես Բաքվում, այնպես էլ ԱՄՆ-ի մայրաքաղաքում։ Սովորաբար այդպիսի միջոցառումների ժամանակ քննարկվում էին արտասահմանյան ներդրողների պրոբլեմներն Ադրբեջանում, նրանց բիզնես գործունեության հնարավորությունները և այլն։ Սակայն այդ հանդիպման նկատմամբ հետաքրքրությունը մեծացավ մի հոդվածի հրապարակումով, որը տպագրվեց ամերիկյան հեղինակավոր «Wall Street Journal» պարբերականում, և որը նվիրված էր The minaret Group ընկերության հիմնադիր Վիկտոր Կոժենիի առաջ քաշած մեղադրանքներին։ Վերջինս պնդում էր, որ Հեյդար Ալիևը և նրա որդի Իլհամ Ալիևը, ինչպես նաև նրանց մերձավոր շրջապատն իրենից կաշառք են ստացել 83 մլն ամերիկյան դոլարի չափով։ Այն հանգամանքը, որ հոդվածն ի հայտ եկավ Ադրբեջանի նախագահի ԱՄՆ կատարած այցի օրերին, անշուշտ, պատահական չէր, և բացառված չէ, որ այդ հարցը քննարկման առարկա դարձավ ամերիկյան գործարարների հետ Ադրբեջանի նախագահի հանդիպման ժամանակ։ Սակայն Վիկտոր Կոժենին հազիվ թե պետք է ինչ-որ լուրջ «արդյունքների» հույս ունենար, բացի Ադրբեջանի նախագահին նյարդայնացնելուց։ Բոլոր համաշխարհային կոնսալտինգային ծառայությունների զեկույցներում` կոռուպցիայի մասին, Ադրբեջանն արդեն բազմաթիվ տարիներ առաջատար դիրքեր է զբաղեցնում, ինչը քաջ հայտնի էր ԱՄՆ-ի գործարար շրջանակներին մինչև Կոժենիի հայտարարության ի հայտ գալը։ Այլ հարց է, որ ամերիկյան բիզնեսի նավթային արքաները կարող էին օգտագործել վերոհիշյալ հոդվածն Ադրբեջանի նախագահի նկատմամբ ճնշում գործադրելու համար, նպատակ ունենալով փոխել Ադրբեջանում մասնավորեցման պետական երկրորդ ծրագրի որոշակի դրույթները։ Խոսքը, հավանաբար, վերաբերել է ներդրողների համար հատկապես գրավիչ օբյեկտներին, ինչը, փորձագետների պնդմամբ, ոչ միշտ է համապատասխանել Ադրբեջանի շահերին։ Ներկայումս այնքան էլ կարևոր չէ, թե որքանով էր իրավացի Վիկտոր Կոժենին, կամ էլ նրա մեղադրանքներն ընդամենը երևակայության արդյունք էին։ Կարևորն այն էր, որ ոչ ժողովրդավարական երկիր լինելու իմիջի պայմաններում, ուր ոտնահարվում են մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը, Ադրբեջանի վերաբերյալ կարծիք է ձևավորվել, որ այդ երկրում հնարավոր չէ զբաղվել քաղաքակիրթ բիզնեսով։
Մի շարք ոչ այնքան հեղինակավոր թուրքական թերթեր ժամանակ առ ժամանակ տեղեկություններ են հրապարակում Ալիևների ընտանիքի տնտեսական հետաքրքրությունների վերաբերյալ։ Անկասկած, այդ հրապարակումները երևան են գալիս Թուրքիայի այն պետական կառույցների ցանկությամբ, որոնք իրականացնում են քաղաքականությունը Ալիևների ընտանիքի և Ադրբեջանի նկատմամբ ընդհանուր առմամբ։ Այդ հրապարակումների ոճից և բովանդակությունից կարելի է դատողություններ անել նաև տեղեկատվության աղբյուրների մասին, իսկ այդ տեղեկատվությունը, անկասկած, հատուկ բնույթի է և վերաբերում է Ադրբեջանի կառավարության գործունեությանը։ Այդ հրապարակումներից մեկի համաձայն, Ալիևների ընտանիքը ստացել է երկրում տեղի ունեցած սեփականաշնորհումից գոյացած միջոցների հինգերորդ մասը, ևս հինգերորդ մասը բաժանվել է նախիջևանյան կլանը ներկայացնող ընտանիքների միջև, նույնքան էլ ուղղվել «Նոր Ադրբեջան» կուսակցության գանձարան։ «Ադալյաթ» կուսակցության առաջնորդ Իլյաս Իսմայիլովը թուրք լրագրողներին հայտնել է, որ միայն «դարի նավթային պայմանագրի» համար Հեյդար Ալիևն արտասահմանյան նավթային ընկերություններից ստացել է 200 մլն դոլար։ 2005-ին Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանը խնդրել է «Մուսավաթ» կուսակցության նախագահ Իսա Ղամբարին` նախագահական ընտրություններում չշահարկել Ադրբեջանի «Նավթային ֆոնդը» Ալիևների ընտանիքի կողմից օգտագործվելու մասին հարցը։ Այն իմաստով, որ «Նավթային ֆոնդը» գործնականում դարձել է այդ ընտանիքի սեփականությունը։
Կան տարբեր տեղեկություններ Ալիևների ընտանիքի կարողության չափի վերաբերյալ։ Ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցների հրապարակած տեղեկությունների համաձայն` այն 300 մլն ԱՄՆ դոլար է, ընդդիմադիր գործիչ և ԱՄՆ-ում բնակվող Ռասուլ Գուլիևը ժամանակին նշում էր 260 մլն դոլար, իսկ քաղաքագետ Ալեք Ռասիզադեի հաշվարկներով այն չի գերազանցում 160 մլն դոլարը։ Իլհամ Ալիևի ընտանիքը չի հիշատակվում մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակներում, որոնք ավանդաբար հրապարակում է «Ֆորբս» ամսագիրը։ Սակայն կա կարծիք, որ ընդհանուր ընտանիքի կարողության մասին խոսելն այնքան էլ կոռեկտ չէ, քանի որ Հեյդար Ալիևի որդին և դուստրը տիրապետում են առանձին կարողությունների։ Նախկին նախագահ Այազ Մութալիբովի կողմնակիցներից մեկի պնդմամբ` Ալիևների ընտանիքը նպատակ ունի կուտակել միլիարդանոց կարողություն, Մեծ Բրիտանիայում ստեղծել մի շարք ֆոնդեր և շարունակել ազդել Ադրբեջանում գործընթացների վրա մի քանի տասնյակ տարիներ շարունակ։ Գլխավոր նպատակն Արևելքում ամենաազդեցիկ ընտանիքներից մեկը դառնալն է։ Ալիևների բնակության մշտական վայրն ապագայում, անկասկած, դառնալու է Մեծ Բրիտանիան։ Ոչ շատ վաղուց հանդես գալով Վաշինգտոնում Ջոն Հոպկինսի համալսարանի «Կովկասի և Կենտրոնական Ասիայի ինստիտուտի» կազմակերպած սեմինարում, նույն Ռասուլ Գուլիևը հայտարարեց, որ Ալիևների ընտանիքը տիրապետում է 3,5 միլիարդ դոլար կարողության, իսկ նախիջևանյան կլանի մոտ 90 ընտանիք և Ադրբեջանի կառավարող ռեժիմին մոտ կանգնած այլ մարդիկ ունեն 5,5 միլիարդ դոլարին համարժեք կարողություն։ Ռասուլ Գուլիևի հաշվարկներով, 2015-ին Ալիևների ընտանիքը մտադիր է դառնալ Եվրոպայի ամենահարուստ ընտանիքներից մեկը` իր վերահսկողության տակ ունենալով ոչ պակաս, քան 10 միլիարդ դոլար։
Ներկայումս Ալիևների ընտանիքն ակտիվորեն անշարժ գույք է ձեռք բերում Եվրոպայում, մասամբ նաև Արաբական Միացյալ Էմիրություններում։ Այդ գործընթացը սկսվել է բավական վաղուց, սակայն, համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ կապված, թերևս, դարձել է առաջնահերթ խնդիր։ Այդպիսով, Մեծ Բրիտանիայում Ալիևների ընտանիքը տիրապետում է 3000 ակր հողերի` երկրի հյուսիս-արևմուտքում, 3 դղյակների, որոնցից մեկն ունի պատմական նշանակություն և գտնվում է Լոնդոնի Քեյնինգտոն շրջանում։ Մեծ Բրիտանիայում Ալիևների ընտանիքին են պատկանում նաև մի շարք հյուրանոցներ, նավահանգստային ենթակառուցվածքներ, զգալի ակտիվներ քիմիական և սննդի արդյունաբերության ոլորտում։ Ոչ շատ վաղուց Իլհամ Ալիևի քրոջ այցը Լոնդոն նպատակ ուներ որոշակի դիրքեր ձեռք բերել ԶԼՄ-ների ոլորտի բիզնեսում, սակայն առայժմ անարդյունք։ Վերջին ժամանակներս ոչ փոքր ծավալներով անշարժ գույք է ձեռք բերվել նաև ԱՄԷ-ում։ Միաժամանակ, Ալիևների ընտանիքը, ակնհայտորեն, հետաքրքրություն չի ցուցաբերում Ադրբեջանում սեփականություն ունենալու ուղղությամբ։ Կասկած չկա, որ այս ընտանիքն իր գոյությունն Ադրբեջանում համարում է ժամանակավոր` «պատմական հեռանկարի» իմաստով, եթե նկատի ունենանք հաջորդ սերունդը։ Մի՞թե այսպիսի ընտանիքը կարող է պատրաստ լինել ռազմական ճանապարհով լուծելու ղարաբաղյան հարցը։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2375

Մեկնաբանություններ